|
Խմբագրական
Մերօրյա Հայաստանի բոլոր ասպարեզներում (առօրյա կյանքից՝ մինչև իշխանական դաշտ) գերիշխող մտայնությունը կարելի է ձևակերպել «ուժեղի մոտ թույլն է մեղավոր» արատավոր սկզբունքով: Փաստ, որի առումով Հայաստանը շատ չի տարբերվում ողջ աշխարհից: Բազմաթիվ անգամներ կարող ենք լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «կարեցել ա՝ արել ա», «արել ա՝ հալալ ա», «բաշարել ա, արել ա», «կարայի՞ր՝ դու անեիր», և այլն: Նման տրամաբանության ողբերգությունն այն է, որ իսպառ հանվում է հարցը, թե այդ «անողը» ԻՆՉՊԵ՞Ս է հասել իր այդ կարգավիճակին (ինչի՞ կամ ու՞մ հաշվին, ի՞նչ եղանակներով, և այլն): Բայց չէ՞ որ ԱՄԵՆ ԻՆՉ ունի իր կայացման պատմությունը, այսինքն՝ ամեն ինչ պատմական է. ժամանակն ամենուր է: Այս իմաստով, ուժեղի («բաշարող, անողի») գերիշխանությունը հաստատվում է պատմության և, հետևաբար, կենդանի հիշողության չեզոքացման հաշվին, այն հաստատվում է որպես մի բան, որը չունի պատմություն և հանդես գալիս որպես «անժամանակ», «անդր-պատմական», «բնական», «նորմալ», «ընդունված» ու հետևաբար՝ «բարոյական» ու «ճիշտ»:
Արվեստաբանությունը, ինչպես գիտության ցանկացած բնագավառ, կյանքի մասն է: Արվեստաբանությունն անհնար է բաժանել կյանքից, որտեղ ապրում, մտածում, զգում, գործում են արվեստաբանները: Հետևաբար, արվեստաբանությունը՝ որպես գործունեություն չի կարող իր մեջ չկրել սեփական համատեքստը, հետևաբար, այն կարող է նաև իր մեջ հայտնաբերել իր սեփական համատեքստի արատներն ու ակտիվորեն պայքարել դրանց դեմ, այդ կերպ՝ այն կպայքարի նաև դրանց դեմ կյանքում, քանզի ինչպես ասում է Հերման Հեսսեի հերոսը. «Ոչինչ ներսում չէ, ոչինչ դրսում չէ, որովհետև այն, ինչ ներսում է, միաժամանակ նաև դրսում է»: Մյուս կողմից, արվեստաբանությունը՝ որպես արվեստի պատմություն, իր առաջնահերթ խնդիրն ունի պատմության և, հետևաբար, հիշողության վերակենդանացումը, այն՝ մնեմոնիական պրակտիկա է: Եվ այնպիսի արատավոր իրավիճակում, որը, ինչպես նշեցինք, հնարավոր է դառնում պատմականության՝ որպես կայացման պրոցեսի չեզոքացման հաշվին, արվեստի պատմական ուսումնասիրությունները հատուկ հրատապություն են ձեռք բերում:
«Արվեստի պատմական ուսումնասիրություններ» ասելով նկատի ունենք այնպիսիք, որոնք վերաբերում են այն թելերին, որոնցով ներկան ու դրանում
արժեք համարվող սկզբունքները կապված են անցյալին: Այս առումով, խոսքը հիմնականում նորագույն պատմության մասին է: Իսկ մեր նորագույն պատմությունը խորհրդային անցյալն է, որի պատմական ուսումնասիրությունները ուղղակի ողբերգական վիճակում են Հայաստանում, նշենք միայն այն, որ մինչ օրս Խորհրդային Հայաստանի հետխորհրդային պատմություն դեռ գոյություն չունի: Այստեղ, հարկ է նշել, որ մոռացությունը կամ կենդանի հիշողության չեզոքացումը, տեղի է ունենում երկու ձևով. ոչ միայն փորձելով ջնջել անցյալը, այլ, և որն ավելի վատ է, անցյալի առասպելականացմամբ՝ այն ներկայացնելով որպես կեղծ-ուտոպիական «հին ու բարի օրեր» (այս ռազմավարության վրա է հիմնված, օրինակ՝ «Գրանդ Քենդի» ընկերության գովազդային արշավը): Այսինքն՝ մի կողմից միտում կա առհասարակ ջնջելու խորհրդային անցյալը՝ որպես հին ու դաժան մի բեռ, մյուս կողմից, այն կարոտախտով իդեալականացնելու: Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը կործանարար մոռացության ձևեր են, որոնք հնարավորություն չեն տալիս անցյալը վերածելու պամության. ահա թե ինչու անցյալի մասին գիտելիքը վերանայման կարիք ունի.
- Ռևիզոր կամ Revisor բառն ինքը նշանակում է վերա-նայող: Ստուգաբանորեն, այն ծագում է լատիներեն revisere բառից, որը նշանակում է նայել նորից: Կրկին նայելու այս ռազմավարությունը պատմական առումով կանխադրում է երկու ներիմաստ: Առաջին՝ հայացքի օբյեկտ, որին կարիք կա անդրադառնալու, բայց որը կայանում է որպես այդպիսին (այսինքն՝ որպես վերանայվող օբյեկտ) ներկայից նետված այդ նույն հայացքում: Երկրորդ՝ տեղ, դիրք կամ տես-անկյուն, որից նետվում է վերա-նայող հայացքն ու ապահովում դրա «վերանայողական» բնույթը:
- Պահպանելով վերանայող բառի լատինական տարբերակը (ռևիզոր), այն կոնկրետ հետխորհրդահայ համատեքստում ձեռք է բերում զանցառական ներիմաստ՝ հղելով խորհրդային չինովնիկական հռետորությանը, հղում, որը գիտակցված է: Ակամա հակակրանքն ու դիմադրությունը, որը այս բառը հարուցում է իր այդ ներիմաստի պատճառով, մատնում է այդ նույն խորհրդային համատեքստի հետ ունեցած անհարմարությունը, որը գրգռվելով՝ դրսևորվում է հակակրանքի տեսքով, ինչը, ըստ Յուլիա Քրիստևայի, «անդառնալիորեն կորած «օբյեկտի» հանդեպ ողբի բռնությունն է», ինչը «կոտրում է այն պատը, որը շարել է ինքնաճնշումը», և ինչը «իմ Ես-ը տանում է դեպի այն ստոր սահմանները, որոնցից Ես-ը հեռացել է՝ իր գոյությունը վերգտնելու համար», այն՝ «մահվանից հետո (իմ Ես-ի) համբարձումն է»:
- Ռևիզոր բառի մյուս զանցառական ներիմաստը, որը անքակտելիորեն կապված է կետ 2-ում նշվածի հետ, վերաբերում է Նիկոլայ Գոգոլի համանուն պիեսին: Պիեսում ռևիզորի կերպարը, ըստ էության, բացակայում է, այն գոյություն չունի որպես «գործող անձ» այնպես, ինչպես հիմա իրականում գոյություն չունի Խորհրդային Միությունը: Բայց պիեսում ռևիզորն ունի բացակա-ներկայություն, նա ապրում էր մետա-կյանք՝ հերոսների մտքում, որպես ուրվական, որը կախված սեփական պարտականությունների մեջ հերոսի թերացումներից, հանդես էր գալիս՝ սահմռկելիի, պղտոր խղճից ծագած վախի, արդարության ներքին ձայնի ուրվականային կերպարում: Ռևիզորը, եթե վերձևակերպելու լինենք Գորիլա աղջիկների կարգախոսը, արվեստաբանության համբարձված խիղճն է:
- Բայց, բացի վարչա-բյուրոկրատական ներիմաստներից, վերանայումը կամ ռևիզիան Խորհրդային Միությունում հագեցած էր փիլիսոփայական-քաղաքական ներիմաստներով: Խորհրդային Միությունը որպես ռևիզիոնիստներ էր խարանում այն բոլոր մարքսիստներին, ովքեր «հակագիտական վերանայման են ենթարկում մարքսիզմ-լենինիզմի դրույթները»: Հատկանշական է, որ այս անգամ վերանայողի կերպարը սկսում է հանդես գալ որպես ուխտադրուժ (քանզի վերանայում է սրբացված դոգմաները), այդ կերպ պետական արդարության նույն կերպարը կարծես ճեղքվում է՝ բացահայտելով իր ինքնության «մութ կողմը»: Վերանայողի այս երկակի ու ամբիվալենտ «յանուսային» ինքնությունը (արդարության ձայն/ներքին թշնամի) բացահայտում է դրա ֆունկցիաների զանցառական ներուժը:
- Բացի իր խորհրդային ներիմաստներից, «ռևիզիա» և/կամ «ռևիզիոնիզմ» տերմինները ունեն նույնքան ամբիվալենտ արևմտյան ներիմաստներ: Այն առաջին հերթին ունի պատմագիտական ներիմաստ և նշում է պատմական այն ուսումնասիրություններին, որոնք (նոր փաստերի, նոր տեղեկատվության լույսի ներքո) ձգտում են քննադատաբար վերանայել պատմական գիտություններում ընդունված նարատիվները: Այն վերաբերում է նաև արվեստի պատմության ուսումնաիրություններին. ռևիզիոնիստներ են անվանում այն արվեստաբաններին, ովքեր 1970-ականներից փորձեցին սոցիալական արվեստի պատմության տեսանկյունից վերանայել արևմտյան ֆորմալիստական արվեստաբանությունը, մասնավորապես, առաջարկելով ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի սոցիալական պատմություն: Արվեստաբանական ռևիզիոնիզմը՝ Նոր արվեստի պատմության ճյուղերից է:
- ռևիզորը, թեև կիսում է ռևիզիոնիստների հիմնական օրակարգը՝ վերանայումը, բայց իր «ուրվականային» գոյությամբ հավակնում է վերանայել նաև վերանայողներին, քանզի որպես արվեստի պատմության նյութ և արվեստաբանի դիտա-կետ ունի այնպիսի մարգինալացված համատեքստեր (ռուս-խորհրդային, խորհրդահայ, հետ-խորհրդային, նախա-կապիտալիստական, հայ-ազգայնական, և այլն), որոնց փորձառության հիման վրա ստացված գիտելիքը թույլ է տալիս վերանայելու արևմտյան արվեստի պատմության ու դրա պատմության դիսկուրսները: Այս տարբերությունը պահպանելու համար է, որ նախընտրել ենք ոչ թե ռեվիզիոնիստ և revisionist, այլ ռևիզոր և revisor, մի կողմից ավելի արխայիկ, մյուս կողմից, ոչ-արևմտյան համատեքստի վրա հղող տարբերակները:
---
Ներքևում առաջարկում ենք այն նպատակային կետերը, որոնք առանձնացրել էինք ռևիզորի ստեղծման ժամանակ ծավալված մեր քննարկումներում (համարակալումը չի արտացոլում նշված կետերի որակական հաջորդականությունը).
- Հայաստանում գերիշխող արվեստաբանական իմացության վերանայումը որպես հրատապ խնդիր:
- Քննադատական և վերլուծական վերանայումը պետք է ի կատար ածվի հիմնավոր կերպով:
- Հիմնվելով արվեստաբանական մեթոդների վրա, որպեսզի արվեստաբանական տեքստը չվերածվի «սուրճի բաժակ նայելու» կամ «բաժակաճառի»:
- Հիմնվելով արխիվային աշխատանքի արդյունքում հայթայթված և մոռացության մատնված փաստերի վրա. պատմությունը՝ որպես ներկայում «ինքնին ակնհայտ» դարձած սկզբունքները հարցադրելու զենք:
- Հիմնվելով միջազգային, խորհրդային և տեղային արվեստաբանական փորձի վրա. միշտ կգտնվեն արվեստաբաններ, ինչպես նաև փիլիսոփաներ, պոետներ, գրողներ, արվեստագետներ, և այլն, որոնց գործերում կգտնենք մեր գաղափարների հիմնավորումը: Մենք միայնակ չենք. ողջ աշխարհի երբևէ ստեղծագործած մտավորականները մեր ընկերները և պաշտպանները կարող են լինել:
- Արվեստաբանության մասին արվեստաբանական գիտելիքի խթանում՝ արվեստի պատմության պատմության մասին հոդվածների, թարգամանությունների միջոցով:
- Անցյալի՝ հատկապես խորհրդային ժառանգության վերաարժեքավորում. հիշեցումը՝ որպես արվեստաբանական պրակտիկա: Խորհրդային [պաշտոնական] անցյալի հանդեպ ժխտողական վերաբերմունքը, որպես կանոն, պատճառ է արվեստաբանության մեջ նեղֆորմալիստական միտումների:
- Փորձել իրականացնել արվեստաբանական գիտելիքի փոխանցելիություն՝ որպեսզի հետագա սերունդները չհայտնվեն «մաքուր տախտակի» առջև:
- Գործի և կյանքի, այսինքն՝ մասնագիտականի և էթիկականի անքակտելի կապը ցույց տալը:
- Երիտասարդ արվեստաբանների մոտ ստեղծել համերաշխության և միասնականության մթնոլորտ (միայնության, անպետքության, երկրորդականության զգացողությունները հաղթահարելու, ինչպես նաև միմյանցից սովորելու նպատակով), որը, բայց և այնպես, պետք է «շնչի» արդյունավետ տարակարծությամբ, այսինքն՝ հիմնավոր քննադատության առջև բացությամբ:
- Այս «ամսագիրը» ոչ թե (կամ ոչ միայն) ներկայանալու տեղ է, այլ սովորելու հնարավորություն:
ռևիզոր
|
|