leyer
 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 
back

 

 

Թույլի ուժը. Կառլ Շնաազեի համաշխարհային արվեստի
պատմագրությունն ու հայերը
[1]

Վարդան Ազատյան
 

I. Շնաազեն

Արվեստն իբրև «ոգու հիերոգլիֆ»

Կառլ Շնաազեի Կերպարվեստների պատմության մեջ եվրոպական քրիստոնեական Միջնադարի և դասական հունական արվեստի գոյակցության նժարը էականորեն թեքված է առաջինի կողմն ու դրանով իսկ՝ ավելի ռոմանտիկ-ազգայնական, կրոնապահպանողական և նույնիսկ ռասիստական մեկնաբանությունների կողմ: [2] Եթե Ֆրանց Քուգլերը, մեծ հաշվով, կարծում էր,
որ իր գիրքը ավելի շուտ հարմար ձեռնարկ է արվեստի պատմությանը ծանոթանալու համար, քան թե արվեստի պատմությունը հայեցողականորեն հիմնավորելու և բացատրելու նախագիծ (Schwarzer, 1995, 26), ապա նույնը չի կարելի ասել Շնաազեի, թեև յոթ հատորյա, բայց անավարտ մնացած Կերպարվեստներիպատմության մասին, որի վրա հեղինակը աշխատել է քսան մեկ տարի: Այս իմաստով, Շնաազեն՝ Ռիգլի նշած universalen Darstellung մոտեցման տիպական ներկայացուցիչ է: [3]

Շնաազեի գրքի լույս ընծայման ժամանակ, որը, ի դեպ, հեղինակը նվիրում է Քուգլերին, վերջինս բավական մեծ եռանդ թափեց՝ ցույց տալու իր և Շնաազեի արվեստի մասին պատկերացումների տարբերությունը: (Frankl, 1960, 551-552): [4] Քուգլերը Շնաազեին մեղադրում էր, որ վերջինս, հեգելական ոգով, արվեստը մեկնաբանելու ընթացքում, չափից ավելի շատ տեղ է տվել պատմամշակութային ընդհանրացումներին, ի տարբերություն իրեն, ով միշտ փորձել է արվեստի գործերը մեկնաբանել ավելի գործնական տեսանկյունից և ուղղակիորեն: Շվարցերը նկատում է, որ քանզի Հեգելի միջոցով արվեստը կապվում էր ավելի փիլիսոփայական պրոբլեմատիկայի հետ, ապա պատահական չէ, որ Շնաազեն իր արվեստի պատմությունը սկսում է փիլիսոփայական էսթետիկայի մասին ծավալուն քննարկումով: Բայց նա նաև նշում է, որ Շնաազեն երբեք, Հեգելի նման, արվեստի ֆիզիկական կամ տեսողական կողմը չի ստորադասել ներքին ոգուն: (Schwarzer, 1995, 27): Ավելին, Շնաազեն իր վաղ շրջանի Նիդերլանդական նամակներում (Schnaase, 1834) պաշտպանել է արվեստի՝ որպես ինքնավար տիրույթի և մշակույթին նպաստելու, այլ ոչ թե միայն դրա ախտանիշը լինելու մասին դրույթները: Ինչպես նշում է Մայքլ Փոդրոն, այս աշխատությունը արդեն «տրամադրում է պատմություն գրելու այնպիսի մոդել, որը թե՛ հնարամիտ էր, թե՛ ունեցավ խիստ մեծ ազդեցություն: Դա Հեգելի մտքի սկզբունքային տեղափոխումն էր արվեստի զարգացման մասին ընդհանուր բանավեճի ոլորտ»: (Podro, 1982, 31): Հեգելի փիլիսոփայությամբ ծագած խնդիրներին տված Շնաազեի պատասխանը «գերիշխել է մի քննադատական ավանդույթում շուրջ հարյուր տարի», (Ibid., 40) ավանդույթ, որի դեմ, Էռնստ Գոմբրիխը Երկրորդ Աշխարհամարտից հետո մի իսկական խաչակրած արշավանք ձեռնարկեց (Gombrich, 1979, 24-60), արշավանք, որը հեգելական հիստորիցիզմի դեմ իր հայրենակից՝ ավստրիացի Նոր Աջերի քաղաքագիտական ու քաղտնտեսական հարձակման արվեստաբանական համարժեքն էր: (Hayek, 1956, Popper, 1961, Popper, 1966, Պոպեր, 2001):

Ինչպես ժամանակին նշել է Լիոնելո Վենտուրին. «Յուրաքանչյուր արվեստի գործում Շնաազեն ձգտում է գտնել դրա ոգեղեն սկզբունքը, և նման մեթոդը նա կոչում է ֆիզիոգնոմիական-պոետիկական՝ ի հակադրություն օպտիկական-պատկերայինի»: (Venturi, 1936, 214): Վենտուրիի այս տարանջատումը, ըստ էության, կոնտեքստուալիզմ/ֆորմալիզմ զատորոշման մեկ այլ տարբերակ է: Արվեստի պատմության մեջ այս «ոգեղեն սկզբունքի» լավագույն մարմնավորումը, Շնաազեի, ինչպես հետագայում Հանս Զեդլմայրի համար միջնադարյան արվեստն էր, մասնավորապես, գոթական ճարտարապետությունը: Իզուր չէ, որ իր յոթ հատորանոց արվեստի պատմության միայն հինգ հատորը Շնաազեն նվիրում է միջնադարյան արվեստին: Ահա թե ինքը Շնաազեն, ինչպես է պատկերացնում արվեստի պատմությունն ու արվեստբանության խնդիրը.

Այսպիսով, յուրաքանչյուր ժամանակաշրջանի արվեստը, քննարկվող ազգային ոգու թե՛ ամենաամբողջական, թե՛ ամենահուսալի արտահայտությունն է, այնհիերոգլիֆի նման մի բան է, [...] որի մեջ ազգի գաղտնի էությունը հռչակում է ինքն իրենխտացված, ճիշտ է, առաջին հայացքից մութ, բայց ամբողջականորեն ու հստակ նրանց համար, ովքեր կարող են ընթերցել այս նշանները [...] այսպիսով արվեստի շարունակական պատմությունը տրամադրում է մարդկային ոգու պրոգրեսիվ էվոլուցիայի հանդիսանքը: (Տրված է՝ Gombrich, 1979, 34):

Շնաազեի այս հեգելական մոտեցումը անգլիալեզու արվեստաբաններին ստիպել է գլխավորապես քննարկել Շնաազեի հեգելականությունը՝ արժանի ուշադրություն չդարձնելով նրա (ու նաև Հեգելի) աշխարհայացքի մյուս կարևոր կողմի՝ ռոմանտիկականության վրա: Շնաազեի ռոմանտիկականությունը հատկապես կարևոր է հաշվի առնել Հայաստանի ու Վրաստանի միջնադարյան արվեստների նրա քննարկումը վերլուծելիս, քանզի, ինչպես ցույց կտանք, այս մշակույթների նրա ընկալումը գրեթե ամբողջությամբ հիմնված է այդ մշակույթների մասին Յոհան Գոտֆրիդ Հերդերի (1776-1841) դատողությունների վրա: [5]


next

 

 

 

 

 

 

 

 

 

1. Սույն տեքստը իմ թեկնածուական աշխատանքի մասն է: Մի շարք արծարծվող թեմաներ ավելի խորությամբ և համակողմանիորեն դիտարկվում և ծավալվում են բուն աշխատության մեջ: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Վիգեն Ղազարյանին և Սերգեյ Ստեփանյանին՝ հատկապես գերմաներեն թարգմանությունների համար: Հատկապես շնորհակալ եմ իմ գործ/ընկերներ՝ Արփի Ադամյանին, Աննա Գալստյանին, Գարիկ Դավթյանին, Ցոլակ Թոփչյանին, Ծովինար Ռոստոմյանին, Գոհար Վարդանյանին ու բազմաթիվ այլ ընկերներին, որոնց ուղղակի կամ անուղղակի աջակցությունը, ինձ մշտապես հետ է պահել արծարծվող խնդիրների բնույթից բխող հուսահատություններից:

2. Արվեստի պատմության և Հեգելի փոխհարաբերության մասին քննարկումների համատեքստում, 1980-ականներից ի վեր, էապես խթանվել են Շնաազեի արվեստաբանության շուրջ քննարկումները: (Podro, 1982, 31-42): Այսօր Շնաազեի արվեստաբանությունը ներքաշվել է նաև արվեստի աշխարհագրության շուրջ բանավեճերի ոլորտ. նա արդարացիորեն դիտարկվում է որպես արվեստի աշխարհագրության հիմնադիրներից մեկը: (Kaufmann, 2004, 50-51): Բայց համաշխարհային արվեստի պատմագրության տեսանկյունից Շնաազեի մասին արժեքավոր քննարկումներն ի վերջո դեռ սակավ են ու, ըստ էության, հպանցիկ: (Schwarzer, 1995, 26-27, Nelson, 1996, 6-7): Շնաազեի մասին ավելի ընդհանուր բնույթի տեղեկատվության համար տե՛ս (Kultermann, 1993, 93-94): Գոթական ճարտարապետության մասին Շնաազեի հայացքների քննարկման համար տե՛ս (Frankl, 1960, 544-553): Շնաազեի՝ առաջին հերթին որպես հեգելական արվեստաբանի վերահառնեցման այս գործընթացը, գաղափարաբանական առումով, էապես խթանվել է արվեստաբանության հեգելական ավանդույթի դեմ Էռնստ Գոմբրիխի հարձակումից, որտեղ վերջինս խարանում է նաև Շնաազեին: (Gombrich, 1979, 34):

3.Միթչել Շվարցերն իր հերթին նկատում է, որ Քուգլերից ավելի ուղղադավան հեգելական լինելով, Շնաազեն իր արվեստի պատմության մեջ չէր մտցրել այն ժողովուրդների արվեստը, որոնք չեն նպաստել աշխարհի համընդհանուր իմաստի պատմական զարգացմանը: (Schwarzer, 1995, 26):

4. Շնաազեի մասին Փաուլ Ֆրանկլի քննարկումը օգտակար է նրանով, որ ցույց է տալիս, թե գերմանական արվեստաբանության հետագա զարգացման ընթացքում, ինչպես է հնարավոր հայտնաբերել Շնաազեի ներդրումները՝ Գոտֆրիդ Զեմպերից և Յակոբ Բուրքհարդտից, մինչև Ալոիզ Ռիգլ և Ավգուստ Շմարզոֆ:

5. Հայաստանի միջնադարյան արվեստի տեսանկյունից Շնաազեի տեքստի միակ քննարկումը առաջարկում է Քրիստինա Մարանչին՝ Ստրժիգովսկու մասին իր մենագրության մեջ: (Maranci,  2001, 30-37): Մարանչին, ըստ էության, չի անդրադառնում Շնաազեի և 18-րդ դարի երկրորդ կեսի Գերմանիայում սկիզբ առած փիլիսոփայական և բանասիրական ռոմանտիզմի փոխհարաբերության խնդրին: Շնաազեի մասին Մարանչիի քննարկումը, ըստ էության, մնում է Հայաստանի միջնադարյան ճարտարապետության մասին արվեստաբանական մոտեցումների դիտարկման շրջանակում: Շնաազեին գլխավորապես Հեգելի փիլիսոփայության (ինչը Կիթ Մոքսիի դիպուկ բնորոշմամբ արդեն վերածվել է արվեստաբանության «հեգելական անգիտակցականի» (Moxey, 2001, 8-41)) հետ կապելու միտումի համար, էական խթան է հանդիսացել Փոդրոյի կարևոր աշխատությունը, որտեղ հեղինակը խիստ թռուցիկ նշում է նաև Շնաազեի արվեստաբանական օրակարգի ռոմանտիկական հենքի մասին:
(Podro, 1982, 1-2

  back
-1-

 

 

 

next