|
Վիեննայի Դպրոցը
Ուդո Քուլթերման
Հայերեն թարգմանությունը իրականացվել է հետևյալ հրատարակությունից. Udo Kulterman, Art of Art History (New York?: Abaris Books, 1993): Թարգմանիչ՝ Սեդա Շեկոյան:
Ինչպես Ֆլորենցիան 16-րդ դարում, Հռոմը՝ 17 և 18-րդ դարերում, իսկ Բեռլինը
19-րդ դարի առաջին կեսում, այնպես էլ 19-րդ դարի վերջի Վիեննան դարձավ արվեստի պատմության շուրջ հետազոտությունների և բանավեճերի կենտրոն: Վիեննայի Դպրոցի մեթոդները և հայտնագործությունները դեռ այսօր էլ մեզ հետ են: Զիգմունդ Ֆրոյդի, Կարլ Քրաուսի (Karl Kraus) և Ադոլֆ Լուսի (Adolf Loos) Վիեննան, որ իր Բարոկոյի ավանդույթը համատեղում էր արդի քննադատական ոգու հետ, պարարտ հող էր գիտական նորարարության համար: Արվեստաբաններն այստեղ պահանջում էին թե՛ ծայրահեղ պատմական ճշգրտություն, թե՛ անձամբ ծանոթություն արվեստի գործերի բնօրինակների հետ՝ հավասար կարևորություն տալով այս երկու պայմաններին էլ, պայմաններ, որոնք կազմեցին արվեստի համալիր պատմությունը, դրա ուրույն գեղարվեստական և ուրույն պատմական ասպեկտները: Այդ ընթացքում երևան եկան հորիզոններ, որոնք անցնում էին ավանդական արվեստի պատմության սահմաններից անդին: Այդ նոր հորիզոններից էր նաև հուշարձանների պահպանության գործնական խնդրի հանդեպ գիտնականների նոր ուշադրությունը:
Դպրոցի ազդեցությունը անցավ Ավստրիայի սահմաններից անդին, մասնավորապես՝ Անգլիա և Միացյալ Նահանգներ: Այս ազդեցության մասին խոսուն վկայում են Բոդեյի (Bode), Թոդեի (Thode), Բեռլիների (Berliner), Սոբոտկայի (Sobotka), Զաքսլի (Saxl), Քրիսի (Kriss), Ֆրյոհլիխ-Բումի (Fröhlich-Bum), Քաուֆմանի (Kaufmann), Զեդլմայրի (Sedlmayr), Փեխթի (Pächt), Թոլնայի (Tolnay), Հահնլոսերի (Hahnloser), Կուրցի (Kurz) և Գոմբրիխի (Gombrich) անունները: Դպրոցի անդամների կողմից վերջինիս զարգացման մասին գրված լուսաբանումներից թերևս ամենաարժեքավորները դեռ՝ Յուլիոս ֆոն Շլոսերինն (Julius von Schlosser) ու Դագոբերտ Ֆրեյինն են (Dagobert Frey):[1] Այդ մեկնաբանությունների բազմազանությունը չպետք է զարմացնի մեզ, եթե Դպրոցի հետաքրքրությունների լայն շրջանակի կողքին, հաշվի առնենք նաև իշխանական պայքարներն ու միջանձնական ինտրիգները:
Յուլիոս ֆոն Շլոսերը, Die Wiener Schule der Kunstgeschichte – Rückblick auf ein Sükulum deutscher Gelehrtenarbeit in Oesterreich կոչվող իր էսսեում դպրոցի զարգացման փուլերը բաժանում է արվեստի պատմագրության ավանդական ժամանակաշրջանների. նախապատմություն և առաջնեկներ, Միջնադար, Վերածնունդ, Բարոկկո, և դեռ անհայտ հաջորդներ:
Դպրոցի հենքը
Յուլիոս ֆոն Շլոսերը Վիեննայի դպրոցի սկիզբը, կամ «նախապատմությունը» տեղակայում է շատ ավելի վաղ, քան Ֆրեյը՝ դպրոցի հիմնադիր վկայակոչելով Գ.Ա. ֆոն Հայդերին (G. A. von Heider): Հայդերը (1819-1897), Հյուսիսային Գերմանիայի իր մի քանի ժամանակակիցների նման, արվեստի պատմություն մտավ իրավաբանական կրթություն ստանալուց հետո: Որպես կրթության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա, նա ուներ մշակութային բարեփոխումների վրա ներգործելու զգալի իշխանություն: Այս առումով, նրա կենսագրությունը, ինչ-որ իմաստով, նման է իր մոտ ժամանակակից Ֆրանց Քուգլերի (Franz Kugler) կյանքին, չնայած, եթե Քուգլերի հեղափոխական նախաձեռնությունները տալիս էին գրեթե վայրկենական գիտական արդյունքներ, ապա Վիեննական Դպրոցն իր բարձրակետին հասավ մի քանի տասնամյակ անց միայն: Քուգլերի նման, Հայդերը ևս շարունակեց զբաղվել արվեստի և ճարտարապետության պատմությամբ՝ համատեղելով այն իր վարչական ծառայության հետ: 1855-ին նա հրատարակեց Վիեննայից ոչ հեռու գտնվող Շյոնգրաբերն քաղաքի եկեղեցու ճարտարապետության մասին իր ուսումնասիրությունը:
Բեռլինի Դպրոցի անդամների և ժամանակակից ֆրանսիացի արվեստաբանների նման, Հայդերը առաջին հերթին ձգտում էր հասկանալ իր իսկ գեղարվեստական ավանդույթը, ըմբռնել վտանգված անցյալը, քանզի գործերը վերականգնման խիստ կարիք ունեին, մի գործնական իրադրություն, որին ականատես եղանք ողջ 19-րդ դարի ընթացքում: 1856-ի սկզբին Հայդերը խմբագրում է Mitteilungen samt Jahrbuch der k.k. Zentralkommission zur Erforschung und Erhaltung der Kunst-und historischen Denkmale հանդեսը: Այդ տարեգիրքը դարձավ առաջատար հրատարակություն ոչ միայն ավստրիացի, այլև այնպիսի արտասահմանցի գիտնականների համար, ինչպիսիք էին Կարլ Շնաազեն (Carl Schnaase), Վիլհելմ Լյուբկեն (Wilhelm Lübke) և Անտոն Շփրինգերը (Anton Springer):
Ռուդոլֆ ֆոն Այթելբերգեր
Եթե Հայդերին Յուլիոս ֆոն Շլոսերը համարում էր Վիեննայի Դպրոցի նախակարապետ, ապա Ռուդոլֆ ֆոն Այթելբերգերին (Rudolf von Eitelberger)՝ Դպրոցի իսկական հիմնադիր հայր:[2] Այթելբերգերը (1817-1885) ծնվել էր Օլմյուցում, սկզբնապես կրկին ուսումնասիրել էր իրավաբանություն, այնուհետև՝ ռոմանական բանասիրություն, ինչն էլ դասավանդել էր 1839-1848թթ.: Նրա ծանոթությունը Յոզեֆ Դանիել Բյոհմի հետ (Joseph Daniel Böhm), որի մասնավոր հավաքածուն դարձավ Ավստրիայի թանգարանի հիմնաքարը, շրջադարձային էր երիտասարդ գիտնականի կյանքում:
Այթելբերգերը սկսեց իր կուրատորական գործունեությունը 1846-ին՝ կազմակերպելով հին վարպետների ստեղծագործությունների խոշոր և պատմական կողմնորոշում ունեցող ցուցադրությունը: 1847-ին նա դարձավ արվեստի պատմության և տեսության դասախոս: 1848-ին Այթելբերգերը ակտիվ գործունեություն էր ծավալում՝ որպես հեղափոխական լրագրի խմբագիր: Հետագայում իր քաղաքական ավյունը նա տեղափոխեց արվեստի իր ուսուցման մեջ և քննադատեց ակադեմիայի տնօրեն Ֆերդինանդ Վալդմյուլերի (Ferdinand Waldmüller) առավել ծանր մեթոդները իր՝ Die Reform des Kunstunterrichts und Proffesor Waldmüllers Lehrmethode-ում: Սա բանակռիվ էր տնօրենի մանկավարժության, այլ ոչ թե նրա արվեստի դեմ, հարձակում՝ բնության գրեթե մեքենայական պատճենման դեմ: Այթելբերգերը 1850-ին ընդունեց արվեստի պատմության դասախոսություններ կարդալու հրավերը, որոնք նա բացեց Die Bildungsanstalten für Künstler und ihre historische Entwicklung խոսքով:
Իր կազմակերպչական տաղանդի շնորհիվ, Այթելբերգերը փորձեց բարեփոխել արվեստի պատմության բուն ուսուցումը: Այս հարցում նրան աջակցեց կառավարության նախարար Լեո Թունը (Leo Thun), ում մատը խառն էր Ավստրիայի գրեթե բոլոր մշակութային ծրագրերում: Այս ամենով հանդերձ, կայսրը, առանց որևէ բացատրության, մերժեց Այթելբերգերին պրոֆեսորի կոչում շնորհելու Թունի խնդրանքը: Թունը, սակայն, կարողացավ ապահովել Այթելբերգերի համար դեպի Իտալիա ուղևորություն և երկրորդ
փորձից, համոզեց Ֆրանց Յոզեֆին՝ Վիեննայում Այթելբերգերին հատկացնել արվեստի պատմության և հնագիտության պրոֆեսորի ամբողջ դրույք: Այթելբերգերը, որ Իտալիայից գնացել էր Ֆրանսիա և Անգլիա, իր նշանակման բարի լուրը ստացավ Լոնդոնում:
Կասկած չկա, որ կայսեր առաջին մերժման պատճառը Այթելբերգերի 1848-ի պառակտիչ գործունեությունն էր: Ըստ ամենայնի, Թունը գիտեր ինչպես փարատել կայսեր կասկածները: Ամեն դեպքում, Վիեննայում չկար մեկը, ով Այթելբերգերից ավելի պատրաստ լիներ արվեստի պատմությունը որպես խիստ ակադեմիական բնագավառ ներկայացնելուն: Այթելբերգերն ինքը, վարչակազմի առումով, Թունին տալիս էր հիմնավոր և ճշգրիտ խորհուրդներ, իսկ Վիեննայի համար անչափ գրավիչ էր համաքայլ ընթանալ Բեռլինի հետ, որտեղ արվեստի պատմության համալսարանական ամբիոնը ստեղծվել էր 1844-ին՝ Վաագենի (Waagen) համար:
Այթելբերգերի առաջնահերթ մանկավարժական մտահոգությունը իր ուսանողների համար հիմնավոր տեսողական հիմք կառուցելն էր, արդյունքում` բնօրինակները միշտ ուսանողների տեսադաշտում էին: Միևնույն ժամանակ, ի հավելումն իր գիտական գործունեության, նա շարունակում էր քաղաքական լրագրությունը: Թունի հետ աշխատելով արվեստի պատմության ուսումնական ծրագրի ընդլայնման վրա, Այթելբերգերը նաև կարողացավ այլ բնագավառներից մասնագետներ ներգրավել Վիեննայի համալսարան: 1854-ին Պատմական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի ստեղծումը հատկապես խթանեց պատկերագրական հետազոտության զարգացումը:
Բայց Այթելբերգերի մեծագույն նվաճումը Արվեստի և արհեստի ավստրիական թանգարանի հիմնադրումն էր, որը պաշտոնապես նշվեց 1864-ի մայիսի 24-ին կայսերական պալատում, բայց որը իրականում իր ավարտին հասցվեց և սեփական շենքում բացվեց 1871-ին: Սա մի նախագիծ էր, որը հղացնելն ու ավարտին հասցնելն ի զորու էր միայն Այթելբերգերը. նա ոգեշնչված էր նոր-նոր հիմնադրված Վիկտորիայի և Ալբերտի թանգարանով, որը տեսել էր 1862-ին՝ Լոնդոնում համաշխարհային ցուցահանդեսն այցելելիս: Ավստրիական թանգարանը մայրցամաքում կիրառական արվեստների առաջին թանգարանն էր, և Այթելբերգերը նպաստում էր դրա նպատակների ձևավորմանը՝ խմբագրելով թանգարանի հանդեսը՝ Mitteilungen des Oesterreichischen Museums և ամեն հինգշաբթի այնտեղ դասախոսություններ կարդալով:
Այթելբերգերն էր, որ Վիեննայի դպրոցում սկիզբ դրեց համալսարանի և թանգարանի միջև համագործակցության ավանդույթին: Ջանալով խուսափել ակադեմիական վերացականությունից՝ նա բոլոր դասախոսություններն ու սեմինարներն անց էր կացնում քաղաքի թանգարանների և այլ հավաքածուների ստեղծագործությունների ուշադիր քննությամբ: Այս քաղաքականությունը հետագայում որդեգրեցին Թաուզինգն (Thausing) ու Վիքհոֆը (Wickhoff), և դպրոցի գոյության ողջ ընթացքում պահպանեց Յուլիոս ֆոն Շլոսերը: Ծեր տարիքում Այթելբերգերը հպարտությամբ հայտարարել է. «Այսօր Ավստրիայի բոլոր կարևոր արվեստի մասնագետները ինչ-որ տեղ իմ աշակերտներն են, իսկ այն մի քանիսը, ովքեր չեն, անկասկած կընդունեն, թե ինչպիսի անմնացորդ ուրախությամբ եմ աջակցել արվեստաբանական այն բոլոր հետազոտություններին, որոնք համարել եմ արժեքավոր»: Այթելբերգերի պարծենկոտությունը փարատում է այն փաստը, որ Ռոբերտ Ֆիշերի (Robert Vischer), Յուսթուս Բրինքմանի (Justus Brinckmann), Հուգո ֆոն Չուդիի (Hugo von Tschudi) և Հուբերտ Յանիչեքի (Hubert Janitschek) նման գերմանացի արվեստաբանները՝ ուսումնառության նպատակով գալիս էին Վիեննա:
|
 |